«Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ֆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի երկու գյուղում՝ Ոսկեպարում ու Կիրանցում է եղել, հանդիպել բնակիչների հետ։

Մասնակիցներից շատերը հրաժարվեցին «Ազատության» հետ հարցազրույցից, բայց ոմանք նշեցին, որ նախապես հայտարարված է եղել հանդիպման մասին։ Նրանց խոսքով՝ գրեթե բոլոր տներից գոնե մեկ անդամ հնարավորություն ունեցել է ներկա լինելու, կարողացել են իրենց հարցերն ուղղել։

«Ազատության» զրուցակիցներից շատերը չպատմեցին թե կոնկրետ ինչ են խոսել, ինչ է ասվել, բայց իրենց մտահոգությունները փարատված չէին համարում։ Տավուշցիներից մեկի խոսքով՝ Կիրանցի հարակից Խեյրիմլի ադրբեջանական նախկին գյուղից այն կողմ ինքը վարելահող է մշակել, մտահոգված էր՝ ի՞նչ կլինի դրա ճակատագիրը, եթե վերջնական որոշում լինի հանձնել այն։ Այդ դեպքում ստացվում է, որ ինքը ստիպված է լինելու ադրբեջանական տարածքով անցնել իր վարելահողին հասնելու համար։

Բնակիչներից մեկն էլ ասում է, որ վարչապետի ցուցադրած քարտեզի մակետի համաձայն՝ իր տան մի մասը նման սահմանագծման պարագայում անցնում է Ադրբեջանին։ Հարցրել է վարչապետին՝ ի՞նչ կլինի իր տան ճակատագիրը։

Նիկոլ Փաշինյանը, ըստ մասնակիցների, հստակ պատասխաններ չի տվել, բայց խոստացել է՝ բոլոր մտահոգությունները հաշվի կառնվեն, հավելել է, որ բանակցությունները վերջնական չեն։ Նա ասել է, որ վերջնական որոշման դեպքում ևս մեկ անգամ կհանդիպի տավուշցիների հետ։

«Ասաց՝ մինչև վերջնական բան լինի, նոր կգամ, կգամ, ձեզ հետ նորից կզրուցեմ։ Վերջնական ոչ մի բան չասաց։ Մենք ասել ենք, որ այնտեղ մեզ հող ունենք, ասաց՝ դա մեր քարտեզի մեջ է, մեր տարածքն է։ Լավ, մեր տարածքն է, բայց եթե ինքը եկավ, իրենց զորքը եկավ, էդտեղ նստեց, մենք ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք։ Ո՞նց կարա ինքը մեզ ապահովի, որ մենք գնանք այնտեղ, հող մշակենք», - ասաց Կիրանցի բնակիչ Հարութ Ավալյանը։

«Նույն Ղարաբաղի բանը գալու է այստեղ էլի։ Մենակ դուրս ենք գալու, գնանք մի տեղ, բռնելու են, տանեն, էդպես պիտի լինի էլի։ Չենք կարողանալու գնանք մեր հողը, երեխուն չենք կարալու թողնել՝ մենակ գնա դպրոց», - նշեց նա։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ