«Գազպրոմ Արմենիան» խուսափում է վերահսկողությունից՝ պնդում են «ՄՏԿ» ընկերությունում ու ահազանգում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Screenshot_1
24Newsանդրադարձել էր «Գազպրոմ Արմենիայում» գնումների հետ կապված գործընթացում առկա խնդիրներին՝ ներկայացնելով «ՄՏԿ» ՓԲԸ-ի տեսակետը։ Այս պատմությունը գտել է իր շարունակությունը։ Մենք դիմեցինք ընկերությանը նոր պարզաբանման համար, որին ի պատասխան ստացանք հետևյալ հայտարարությունը։

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր միջոցները հանրային վերահսկողությունից զերծ մնալու և իր գնումները ոչ թափանցիկ և ոչ հրապարակային կազմակերպելու և անցակցելու համար՝ դրանով խախտելով  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմպերատիվ պահանջները:

Այսպես, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է գնումների գործընթացների այնպիսի պարտադիր սկզբունքներ, ինչպիսինն են գնման գործընթացի  թափանցիկ և  հրապարակային հիմունքներով կազմակերպումը:

Վերոհիշյալ սզկբունքը ապահովելու համար գնումների մասին ՀՀ օրենսդրությունը ամրագրում է մի շարք երաշխիքներ, ինչպիսինն են, օրինակ, գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի նիստերի տեսաձայնագրումը կամ ձայնագրումը, ինչպես նաև գնման ընթացակարգի մասնակցի դիմումի հիման վրա այլ մասնակիցների հայտերի փաստաթղթերի տրամադրումը:

Ընդ որում, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածը ամրագրում է, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված  գնումների գործընթացի սկզբունքների պահպանումը պարտադիր է նաև բոլոր հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների, այդ թվում նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար:

Սակայն որևէ տեսակի հանրային վերահսկողությունից զերծ մնալու, ինչպես նաև գնման գործընթացում իր համար ցանկալի վարքագիծ դրսևորելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի ենթարկվում վերոհիշյալ պահանջներին և իր գնումները անցակցնում մաքսիմալ գաղտնիության ռեժիմով:

Այսպես, մեր բազմաթիվ խնդրանքներին տեսաձայնագրել/ձայնագրել գնահատող հանձնաժողովի նիստերը՝ դրանք ընթացքի վերաբերյալ ապացույցներ ապահովելու նպատակով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հրաժարվում է, ընդ որում հրաժարումը կատարվում է գնահատող հանձնաժողովի անդամների որոշմամբ: Ստացվում է, որ գնահատող հանձնաժողովի որոշումը ավելի բարձր է, քան ՀՀ օրենքի պահանջները:

Մեր կարծիքով, հենց գնահատող հանձնաժողովի նիստերը չձայնագրելը առաջացնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մոտ լիակատար անպատժալիության մթնոլորտ և նիստերի ժամանակ նիստին մասնակվցող տնտեսվարողների ներկայացուցիչների նկատմամբ երբեմն անվայել վարքագծի դրսևորում:

Օրինակ, 20..03.2024թ.-ին տեղի ունեցած «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված «№104/GArm/24_4.3_105/12.03.24» ծածկագրով մրցակցային ընտրության հանձնաժողովի նիստի ժամանակ, որին ներկա է գտնվել գնման գործընթացին հայտ ներկայացրած մասնակից՝ «ՄՏԿ» ՓԲԸ-ի երեք ներկայացուցիչներ, «ՄՏԿ» ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ նախքան նիստն սկսվելը նրանցից մեկը դիմում է ներկայացրել «Գազպրոմ Արմենիա» ընկերություն՝ նիստը տեսաձայնագրել թույլատրելու խնդրանքով, ինչի մասին նիստն սկսվելուն պես տեղեկացրել է նաև հանձնաժողովին: Սակայն Հանձնաժողովը ոչ միայն թույլ չի տվել տեսաձայնագրել նիստը, այլև չի տվել դրա համար որևէ խելամիտ հիմնավորում։ Ավելին, հանձնաժողովը իրեն մեղմ ասած «ոչ պատշաճ» է դրսևորել: Հանձնաժողովի անդամներից մեկը անհարկի շահարկել է «ՄՏԿ» ընկերության և դրա ներկայացուցիչների անունները, ինչին ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչներից մեկը խնդրել է անցնել բուն նիստին։ Շարունակելով նիստի հետ կապ չունեցող մեկնաբանությունները՝ հանձնաժողովի անդամներից մեկը անգամ վիրավորել է ընկերության ներկայացուցիչներից մեկին, նրան դուրս հրավիրել սենյակից։

Սակայն եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ենթարկվեր «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին և ապահովեր իր նիստերի հրապարկայնությունը՝ դրանց տեսաձայնագրումը ապահովելու եղանակով, դժվար թե հանձնաժողովի անդամները իրենց թույլ տային դրսևորել նման մեղմ ասած «ոչ պատշաճ» վարքագիծ՝ մտահոգություն ունենալով, որ նիստի ընթացքը ձայնագրվում է և համապատասխան անօրեն վարքագիծը կֆիքսվի և կունենա իրավական հետևանք հանձնաժողովի անդամների համար: Նույն խնդիրը առաջացել է մասնակիցների հայտի փաստաթղթերի տրամադրման հետ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կատեգորիկ հրաժարվում է նիստի ժամանակ նիստին ներկա մասնակիցներին ցույց տալ մյուս մասնակիցների գնային առաջարկները, այլ հեռավորության վրա ընդամենը բարձրաձայնում է ներկայացված գնային առաջարկը: «ՄՏԿ» ՓԲԸ-ն մտահոգություն ունի, որ գնային առաջարկները հանրայնացնելուց կատեգորիկ հրաժարումը, տեսականորեն,  հնարավորություն է ընձեռնում հանձնաժողովի անդամին օրինակ, հովանավորվող, ցանկալի մասնակցի մասով կարդալ/հրապարակել ավելի ցածր գին, քան տրվել են ոչ ֆավորիտ մասնակիցների կողմից, և քանի որ գնային առաջարկը ցույց չի տրվում նիստին ներկա մյուս մասնակիցներին, ապա վերոհիշյալը իրականում դառնում է անվերահսկելի և ենթադրյալ խախտումը հնարավոր չէ որևէ կերպ կանխել:

Բացի այդ, հատկանշական է, որ նույն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հրաժարվում է նաև գնահատող հանձնաժողովի նիստից հետո մասնակցի դիմումի հիման վրա տրամադրել մյուս մասնակիցների հայտի փաստաթղթերը, իբրև թե դրանցում անհատական տվյալներ պարունակելու մտածածին պատճառաբանությամբ:

Օրինակ, «ՄՏԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացրած բոլոր դիմումները՝ տրամադրել մյուս մասնակիցների հայտերը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մերժել է այն ավելի, քան ծիծաղելի պատճառաբանությամբ,  իբրևէ թե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հաստատված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնումների մասին կարգով նախատեսված չէ գնումների գործընթացի մասնակիցների կողմից ներկայացրած հայտերի տրամադրում որևէ անձի, ուստի այլ անձանց վերաբերող՝ հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել առանց այդ անձանց համաձայնության:

Համապատասխանաբար, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից գնման ընթացակարգերի մասնակցի դիմումի հիման վրա ոչ մի գնման ընթացակարգով չի տրամադրվում մյուս մասնակիցների հայտերը, ինչի արդյունքում հնարավոր չի լինում ուսումնասիրել հայտի փաստաթղթերը, իսկ անհամապատասխանություն հայտնաբերելիս՝ դատական կարգով  բողոքարկել գնահատող հանձնաժողովի որոշումները՝ նման հայտերը բավարար գնահատելու վերաբերյալ:

Վերոհիշյալի արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կարող է իր գնումների ընթացակարգերում դրսևորել ցանկացած վարքագիծ, բավարար գնահատել ցանկացած մասնակցի հայտ՝ ցանկացած փաստաթղթերի հիման վրա, քանի որ չկատարելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները և ըստ էության, գաղտնիության ռեժիմով անցկացնելով իր գնման ընթացակարգերը՝ բարեհաջող կերպով խուսափում է հանրային վերահսկությունից՝ այդ վերահսկողությունը իրականացնելու անհնարինության պայմաններում»։

--00—ՅՄ