Սա կոլաբորացիոնիստական վարչակարգի պահելաձև է՝ հանձնվել թշնամուն և ստեղծել ոստիկանապետություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

հհ

Կոլաբորացիոնիստական վարչակարգերն ունեն հստակ կարգավորում՝ արտաքին անվտանգությունը տալիս են թշնամուն, այսինքն՝ հանձնվում են, իսկ ներսում ստեղծում են ոստիկանապետություն, որ ընդդիմախոսների արյան գնով պահպանեն սեփական գոյությունը: Սա հստակ նորմավորված մոտեցում է, որը հատուկ էր, օրինակ, ֆրանսիական վիշիստական մարիոնետային կառավարությանը: Արտաքին անվտանգությունն ապահովում էին հիտլերականները, ներքինը՝ մարշալ Պետենի ժանդարմերիան: Հիմա Հայաստանը պատուհասած քպ-ական կոլաբորացիոնիստական վարչակազմը շարժվում է հենց այս տրամաբանությամբ:

Արտաքին անվտանգությունը ապահովելու համար ապավինում է Թուրքիային և Ադրբեջանին՝ դրա դիմաց ուրանալով Արցախը, կասկածի տակ դնելով ցեղասպանությունը, ջարդելով մեր ինքնության հիմնասյուները, իսկ ներսում ստեղծում է ոստիկանապետություն: Սրա տիպիկ օրինակը Սամվելի հետ կատարվածն է, երբ պետության կողմից ձերբակալված մարդուն ոստիկանները հանձնում են դիմակավորված եսիմ ում, ու վերջիններս նրան խոշտանգում են փողոցում: Նման բան նորանկախ Հայաստանի պատմության մեջ ուղղակի չի եղել: Այսինքն, ՔՊ-ն ցույց է տալիս, որ հաշվեհարդար է տեսնելու ցանկացած մեկի հետ, որն իր դեմ է դուրս եկել՝ անկախ արարքից: Կրկնում եմ, ենթադրյալ հանցանք գործած մարդուն ձերբակալում են ու թույլ տալիս, որ ինչ որ վարձկաններ փողոցում խոշտանգեն: Այն քպ-ականները, որ վաղը փրփուրը բերաններն արդարացնելու են այս զազրելի, քստմնելի միջադեպը, թող հիշեն, որ եթե/երբ այս երկրում իշխանություն փոխվի, ողջամիտ կասկած ունեմ, որ կարող են հայտնվել ՁՊՎ-ներում: Իսկ այնտեղից դեպի ՔԿ-ներ ու այլ վայրեր ճանապարհը երկար է: Սա կարմիր գիծ է:

Նարեկ Գալստյան

24News-ի տնօրեն

--00—ԼՀ