Արմեն Դանիելյան նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք չեմ տեսնում. Բադասյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Ռուստամ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի վարքագիծը նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հիմք է։ 

«Դատավորին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են Դատական օրենսգրքով սահմանված առիթներ։ Ձեր նկարագրած իրավիճակում ես որևէ հիմք չեմ տեսնում կարգապահական վարույթ սկսելու համար», - անդրադառնալով դատավորի վարքագծի մասին լրագրողի հարցին՝ ասել է նորանշանակ նախարարը։

Հարցին՝ արդյոք հիմք չէ՞, որ ներկայացված միջնորդության վերաբերյալ պաշտպանական կողմից որևէ մեկը հնարավորություն չի ունեցել դիրքորոշում հայտնելու, նախարարն ասել է. «Անուղղակիորեն ինձ փորձում եք ներքաշել, որ ես փորձեմ մեկնաբանել՝ դատավորի վարքագիծը ճի՞շտ է, թե՞ սխալ է։ Նույնիսկ կարգապահական վարույթը հարուցելու որոշման մեջ ես նման եզրահանգում չեմ կարող անել։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել»։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննության ժամանակ, դատավոր Արմեն Դանիելյանը թույլ չտվեց պաշտպանական կողմին ներկայացնել առարկություն դատախազության և տուժողների միջնորդությունների առնչությամբ։