ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն պրոռեկտոր է նշանակել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

ԵՊՀ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության եւ մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: Հրամանը ստորագրել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։ Այս մասին հայտնում են ԵՊՀ–ից։

Արթուր Իսրայելանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը:

1999-2000 թթ. նա Դամասկոսի արաբերեն լեզվի ինստիտուտում մասնակցել է օտարերկրացիների համար նախատեսված հատուկ դասընթացին:

2002-2004 թթ. սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի մագիստրատուրայում:

2004-2007 թթ. եղել է Դամասկոսի համալսարանի բանասիրության եւ հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի ասպիրանտ:

2007 թվականին Դամասկոսի համալսարանում պաշտպանել է «Պատերազմական արվեստը Մամլուք Բահիրիների դարաշրջանում (1250-1382 թթ.)» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2008-ից ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոս է, 2010-2014 թթ․-ին եղել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի արեւելյան լեզուների ամբիոնի հիմնադիր-վարիչը:

2011-ից Արթուր Իսրայելյանը ԵՊՀ դիվանագիտական ծառայության եւ մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ է, 2015 թվականից՝ ԵՊՀ չինարեն լեզվի եւ մշակույթի կենտրոնի ղեկավարը:

2014-2019 թթ. Արթուր Իսրայելյանը եղել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի՝ արտաքին կապերի գծով տեղակալը: 2019 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Արթուր Իսրայելյանը «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՊՀ 3 պրոռեկտորներ ազատվել էին աշխատանքից կառուցվածքային փոփոխությունների պատճառով։

«Պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը եւ Ռուբեն Մարկոսյանն ազատվել են պաշտոններից, նրանց հաստիքները լուծարվել են: Բուհում կառուցվածքային փոփոխություններ են կատարվում»,-ասել էր ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news