Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը կփոփոխվի և ավելի ծանր հոդվածով մեղադրանք կառաջադրվի․ ՔԿ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Վլադիմիր

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ վերջինիս պաշտպանի կողմից համացանցում հրապարակում է տարածվել` մեղադրանքի ոչ ճիշտ որակված լինելու վերաբերյալ:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների փոխկապակցված համակցությամբ՝ 2019թ. սեպտեմբերի 18-ին Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով:

2019 թվականի սեպտեմբերի 25-ին ստացվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումը՝ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և վերջինիս ավելի ծանր հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու մասին, որի հիման վրա նախատեսվում է փոփոխել Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը և նրան նոր մեղադրանք առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար:

Միաժամանակ հայտնվում է, որ նախաքննության ընթացքում ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝  Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական։ Այդ մասին նրա պաշտպանի բողոքին ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։