ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն անդրադարձել է ԱԱԾ-ում կադրային փոփոխություններին՝ նշելով, որ դրանք եղել են և կլինեն։ «Բայց կադրային ջարդ չեմ արել, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով և մարդիկ պարտքի զգացումով կատարում են իրենց աշխատանքը»։
Հարցին՝ Դիանա Հարությունյան ֆեյք էջի գործով ի՞նչ զարգացումներ կան, ԱԱԾ տնօրենը տեղեկացրել է, որ քրեական գործ է հարուցված։
«Պետք չէ կենտրոնանալ միայն Դիանա Հարությունյանի վրա։ Այս վերջերս մենք լուսաբանել ենք, 3 քրեական գործ է հարուցվել նաև մյուս ֆեյք էջերի նկատմամբ, նախաքննությունը շարունակվում է»-ասել է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ապա հավելել, որ այն ֆեյք էջերը, որոնց սպառնալիք կլինեն ազգային անվտանգությանը, կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։
Հարցին՝ պաշտոնյաների նոր ձերբակալությունների պե՞տք է սպասել, ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն պատասխանել է․ «Եղել են ձերբակալություններ և կլինեն․ դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինում է։ Աղմկոտ ձերբակալություններ կլինեն»։