Շինծու գործ էր․ ես կապ չունեմ այդ մեղադրանքի հետ․ Արմեն Թավադյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

թավադյան

«Կիսում եմ իմ փաստաբանների կարծիքը, չկա, ոչինչ չկա, սա շինծու գործ է»։ Այս մասին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից դուրս գալով լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանը։

 «Գործի վերաբերյալ լավ կլինի փաստաբանները խոսեն։ Կարող եմ ասել, որ լավ եմ, նորմալ եմ զգում ինձ։ Բանտում հանդիպել եմ շատ լավ մարդկանց, որոնք իրենց ծառայությունը կատարում են պարկեշտ, ուշադիր են եղել մեր հանդեպ»,- ասաց Թավադյանը։

Արմեն Թավադյանը կիսել է փաստաբանների կարծիքը, որ մեղադրանքը շինծու գործ էր․ «Ցավոք, դրա համար պետք է 79 օր, որ պարզեին ես կապ չունեմ այդ մեղադրանքի հետ»։

Նշենք, որ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը քիչ առաջ դուրս եկավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Թավադյանին աջակիցները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Նրանց շարքերում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը և Ռոբերտ Քոչարյանի աջակցության գրասենյակի ղեկավար Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Լրատվամիջոցներին այս մասին հայտնեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Ավելի վաղ հայտնի էր, որ փետրվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարել է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Պաշտպանները դատարանի այս որոշման դեմ բողոք է ներկայացրել և այն մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին։
Խափանման միջոցի վերաբերյալ առաջին դատական նիստը եղել է մարտի 5-ին, սակայն այս օրերին ՀՔԾ քննիչն ու դատախազը միմյանց հաջորդելով ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել դատավոր Ալեքսանդր Ազարյանին, որոնք մերժվել են։

Նշենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու համար,որպեսզի վերջինս դատարանում սուտ ցուցմունք տա։