Մարուքյանը ՔԿՀ-ներում հանձնուքների արգելքին այլընտրանքային տարբերակ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

տուիկ

ՔԿՀ-ներում դատապարտյալ և կալանավոր ունեցող ընտանիքների առաջարկությամբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին:

«Մասնավորապես՝ մեզ են դիմում քաղաքացիներ՝ բարձրացնելով դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց սննդի խնդիրը։ Ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ քրեկատարողական հիմնարկներում արգելված են հանձնուքները։ Մինչդեռ, այդտեղ են գտնվում նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ունեն առողջական խնդիրներ, և ում անհրաժեշտ է հատուկ սնունդ։ Այդ հարցի լուծումը հնարավոր չէ կազմակերպել հիմնարկի սննդի միջոցով։

Ըստ այդմ, քաղաքացիները խնդրում են, որ այն դեպքում, եթե որևէ կերպ այս պահին հնարավոր չէ լուծել հանձնուքների խնդիրը, միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի հիմնարկների տարածքներում գործող խանութների միջոցով հարցը կարգավորվի։

Նախարարին խնդրել եմ հնարավորինս սեղմ ժամկետում քննարկել վերը նշված առաջարկությունը և, ելնելով ստեղծված բարդ իրավիճակից, ընդունել ու իրականացնել այն։ Այս մասով ևս պատասխան ստանալուն պես այն կտեղադրվի համացանցում»,-գրել է Մարուքյանը։