«Արմավիր» ՔԿՀ բերած տապակած հավի ոսկորների մեջ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

267589

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, օգոստոսի 25-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Գ.Մ.-ի կողմից կալանավորված անձ Ն.Ս.-ի անվամբ տարված հանձնուքը:

Արդյունքում՝ հանձնուքում առկա տապակած հավի ոսկորների միջից հայտնաբերվել է ընդհանուր 2,43 գրամ կասկածելի զանգվածներով 8 պոլիէթիլենային փաթեթ: Փաթեթներից երեքում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,2 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, իսկ հինգում՝ կոկաին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,23 գրամ քաշով, սպիտակ զանգվածներ:

Դեպքից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողները ոչ նախատեսված խուզարկություն են իրականացրել վերոնշյալ կալանավորված անձ Ն.Ս.-ի խցում, ինչի արդյունքում պահարանի վրա դրված պլաստմասե տարայից հայտնաբերվել է 3 թղթե փաթեթ, իսկ պահարանի մեջ պատրաստված թաքստոցից՝ բջջային հեռախոս և բաժանորդային քարտ:

Փաթեթներում առկա են եղել ընդհանուր 1,55 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող, սպիտակ զանգվածներ:

Կալանավորված անձ Ն.Ս.-ն բանավոր հայտարարել է, որ իրեն պատկանում են միայն բջջային հեռախոսն ու բաժանորդային քարտը, իսկ նույն խցում պահվող մեկ այլ կալանավորված անձ՝ Գ. Ն.-ն, խոստովանել է, որ հայտնաբերված զանգվածները պատկանում են իրեն:

Հանձնուք տարած քաղաքացի Գ.Մ.-ն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ձերբակալվել է և հայտնաբերված բոլոր զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

--00—ՅՄ