Պարետը՝ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումների փոփոխությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News  

Ավինյան

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։

Մասնավորապես՝

Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Նշեմ, որ hանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով:

Վերաբացվելու են առևտրի իրականացման վայրերը:

Հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը:

Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես կհանվի:

Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:

Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար:

Թույլատրվելու է նախադպրոցական կրթությունը, այսինքն մանկապարտեզները կկարողանան գործել:

Կանոններ

Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են հստակ անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:

Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:

Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվելու է առավելագույնը 5 հոգի:

Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4049.pdf»։