ՌԱԿ-ն իր զորակցությունն է հայտնում Հայոց հերոսական բանակին և Փաշինյանի կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

․

Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հերթական անգամ անտեսելով միջազգային բոլոր չափանիշներն ու համաձայնությունները, Ադրբեջանը սադրանքի դիմելով, կրակ է բացել Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի երկայնքով, թիրախավորելով Հայոց քաջարի բանակի դիրքերն ու խաղաղ բնակչության շրջանները։

Կիրակի օրն ընթացք առած ռազմական գործողություններին համապատասխան պատասխանելով և ռազմական իրավիճակն իր վերահսկողության տակ պահելով, Հայոց քաջարի բանակը հերթական անգամ ցույց տվեց հերոսական  դիմադրություն ու հետ մղեց թշնամուն։

Այս զարգացումներին ի տես, Ռամկավար Ազատական կուսակցությունն իր բոլոր շրջանակներով, անդամներով և համակիրներով իր զորակցությունն է հայտնում մեր հերոսական բանակին։

Սահմանին տիրող լարված իրավիճակին առընթեր մեր կոչն է քաղաքակիրթ  աշխարհի տերություններին և միջազգային կազմակերպություններին, ոչ միայն լարվածությունը կասեցնելու վերաբերյալ կոչեր ուղղելու, այլեւ ճիշտ գնահատական տալով, դատապարտելու Ադրբեջանի սադրիչ միտումները, որն ըստ երևույթին և մասնավորապես այս փուլում Անկարայի աջակցությամբ գործում է «մութ սենյակներում» պատրաստված դավադիր ծրագրերն ի գործ դնելու միտումնավոր քայլերով։

Ինչ վերաբերում է քաղաքական օրակարգին, ՌԱԿ-ն իր ամբողջական  զորակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած կառավարությանը, քաջ գիտենալով, որ այս օրերի պայմաններում քաղաքական որևէ հաշվարկ, քննարկում, մեկնաբանություն կամ գնահատական անտեղի է ու անկարևոր։

ՌԱԿ-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, կոչ է ուղղում հայրենիքի և սփյուռքի ղեկավար բոլոր մարմիններին միակամ մնալու և զորավիգ կանգնելու Հայոց քաջարի բանակին ու հայրենի իշխանություններին։

Փառք ու պատիվ մեր դիմացկուն ժողովրդին,

Փառք ու պատիվ Հայոց Քաջարի բանակին,

Փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին»։

--0--ԱՀ