ԲՏԱ նախարարը Տավուշում է. քննարկվել է մարտերին հայկական ԱԹՍ-ների արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News

ԲՏԱ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում ԶՈՒ երրորդ կորպուսի հրամանատարական կազմի հետ քննարկվել են հուլիսյան մարտերի ընթացքում հայկական արտադրության ԱԹՍ-ների, արդիականացված հակաօդային պաշտպանության զինատեսակների և այլ  միջոցների կիրառման առանձնահատկություններն ու արդյունավետությունը։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստյանի և Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկվել են սահմանամերձ գոտիներում մարզային թվային հեռուստատեսությունների և ռադիոյի հեռարձակման, ինչպես նաև բջջային ցանցի և ինտերնետի հասանելիությանը վերաբերող  հարցեր։

Այցի արդյունքում ՀՀ ԲՏԱ նախարարի հանձնարարականով սահմանամերձ գոտում կանցկացվեն ռադիոհաճախականությունների չափագրումներ և ռադիոծածկույթի, բջջային և ինտերնետ  ցանցի քարտեզագրման աշխատանքներ, և քայլեր կձեռնարկվեն թվային հեռուստատեսային ցանցի բարելավման, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կապի և օպտիկամանրաթելային ինտերնետի հասանելիության ընդլայնման ուղղություններով։ Շարունակական բնույթ կկրի նաև «Հայփոստի» բաժանմունքների արդիականացման ծրագիրը՝ հատկապես սահմանամերձ համայնքներում։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս