Երևանաում ավազակային հարձակում է եղել դեղատան վրա․ հարձակում գործած անձը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 17, 24News

Thumbnail

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 36 ամյա տղամարդուն, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձը զինված մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող ՓԲ ընկերության դեղատուն, որտեղ դեղատան աշխատակցուհու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ Հափշտակելով 156.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը՝ դիմել է փախուստի: 

Դեպքի առթիվ 2018 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ: 

Նախաքննության ընթացքում դեղատան աշխատակցուհին և ՓԲ ընկերությունը ճանաչվել են տուժող: 

Քրեական գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին է ներկայացվել կասկածյալը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1982 թվականին: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-ր մասի 4-րդ կետով: 

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 36-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: