«Անտառ չկտրելով ավելի շատ օգուտ կարող են ստանալ»․ Փաշինյանը՝ 23 մլն եվրո դրամաշնորհի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Կառավարության հավանություն է տվել ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրի համար 23 մլն եվրոյի դրամաշնորհ ստանալու առաջարկությանը:

Ըստ նախագծի՝ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի  իրականացումը, որի տևողությունը նախատեսվում է 8 տարի, կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավում ու կառավարում, անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտը և անտառները վերականգնելու միջոցառումներ, ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ,  էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ, խորհրդատվական ծառայություններ։ 

Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է՝ արդյոք ճի՞շտ է հասկանում, որ այս դրամաշնորհն ուղղվելու է ոչ միայն անտառների վերականգնմանը, կենդանատեսակների պահպանմանը, այլև որոշակի բնապահպանական ուղղվածությամբ՝  սոցիալ-տնտեսական ծրագրերին:

«Մեր կառավարության նպատակաուղղվածությունը և ռազմավարական ուղղվածությունը Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելը և զարգացնելն է, և մենք առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ,  բնապահպանական հարցերով լինելու ենք նախանձախնդիր»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը և հավելել, որ իրենք չեն ասում, թե հանքարդյունաբերություն Հայաստանում չպետք է լինի, այլ ասում են, որ պետք է այն իրականացվի միջազգային ամենաբարձր ստանդարտներով, և հետևողական քայլեր են ձեռնարկելու այդպիսի ստանդարտներ հաստատելու համար:

«Եթե, օրինակ, միջոցներ է ձեռնարկում, որ սիգի որսը ձվադրման սեզոնում սահմանափակվի, կամ անտառների պաշտպանվածության մակարդակը բարձրանա, ում համար ենք անում, մե՞նք ենք գնալու որսանք, նույն տարածաշրջանի մարդիկ են որսալու: Ինչ-որ արվում է, առաջնահերթ այդ տարածաշրջանում ապրող մարդկանց շահերից է ելնում, մենք ուղիղ պետք է նայենք մեր հայրենակիցներին և երկխոսենք, որ այդ ընկալումն ունենան»,-ասել է Փաշինյանը և նշել, որ պետք է քաղաքացներին ցույց տալ՝ անտառ չկտրելով ավելի շատ կարող են օգուտ ստանալ, քան կտրելով։ Նա նաև հայտնել է, որ 55 հազար խորանարդ մետր վառելափայտ է տրամադրվել՝ առանց անտառին վնասելու, ուստի եթե ճիշտ կազմակերպվի գործընթացը, կենսաբազմազանությունը տասնյակ  օգուտներ հնարավոր է տալ: