Ադրբեջանի՝ մեզ պարտադրած այս պատերազմը սանձազերծվել է Թուրքիայի շոշափելի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  30,  24News 

Թունիս

Թուրքիայի սադրիչ դիրքորոշումները հիմնականում ձախողել են հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս մասին BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Թունիսում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը։ 

«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան տեղի ունեցավ արդբեջանական զինված ուժերի հարձակումն Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր հրթիռակիրների ու օդուժի կիրառմամբ: Արդյունքում՝ Հայաստանի կառավարությունը հայտարարեց ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք: Այժմ հայկական ուժերը կատաղի մարտեր են մղում առաջնագծում:

Ադրբեջանը խեղաթյուրում է իրական փաստերը՝ մոլորեցնելով լրատվամիջոցներին, մինչդեռ շփման գծից եկող տեղեկատվությունն իրականում հստակ է: Ադրբեջանը ռմբակոծում է քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, դպրոցները, այդ թվում` նաև մայրաքաղաք Ստեփանակերտում՝ պատճառելով մարդկային կորուստներ խաղաղ բնակչության շրջանում:

Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված այս պատերազմը սանձազերծվել է Թուրքիայի շոշափելի աջակցությամբ: Միջազգային լրատվամիջոցները, նախքան հարձակումը, հայտնում էին, որ սիրիացի զինյալ ծայրահեղականներ են տեղափոխվել Ադրբեջան: Մինչ այժմ ստացված տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմից զոհվածների թվում կան Սիրիայից ժամանած վարձկաններ: Այժմ հայկական զորքերը, ինչպես նշեցինք, միակողմանիորեն հետ են մղում Ադրբեջանի թուրքական աջակցությամբ այս հուժկու հարձակումը:

Հայաստանը բազմիցս նշել էր, որ պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը: Սակայն պետք է արձանագրել, որ հակառակ կողմը շարունակաբար համառություն է ցուցաբերում. այս է խնդիրը: Տարիների ընթացքում Թուրքիայի սադրիչ դիրքորոշումները հիմնականում ձախողել է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասել է դեսպանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ:

Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները Վարդենիսում, ինչի հետևանքով սպանվել է 1 քաղաքացիական անձ։   Հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից այրվել է քաղաքացիական ավտոբուս:

Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով հակառակոդն ունի բազմաթիվ մարդկային կորուստներ: Հայկական կողմը ոչնչացրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:

Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:

--00—ՄՀ