Թուրքիայի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել. Ֆրանսուա Օլանդ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

օլանդ

Ֆրանսիայում` Ալֆորվիլ քաղաքում, այսօր տեղի է ունեցել ակցիա՝ «Հանուն Արցախի խաղաղության» խորագրով, որին մասնակցում էր նաև նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը: 

«Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, ոչ միայն Հայաստանին է վերաբերում, այլև ամբողջ տարածաշրջանին, անգամ ողջ աշխարհին: Տարիներ շարունակ շփման գծում ռազմական գործողություններ են տեղի ունենում, որոնց հետևանքով բազմաթիվ զոհեր են լինում: Այսօր, սակայն, տեղին չէ խոսել շփման գծի երկայնքով լարվածության մասին. մենք հիմա կանգնել ենք պատերազմի առաջ, այո, իրական պատերազմի: Այդ պատերազմը հրահրվել է Ադրբեջանի կողմից, և ընթանում է Թուրքիայի անթաքույց աջակցությամբ ու ներգրավմամբ»,- ասել է նա:

Օլանդն ընդգծել է` Թուրքիան զենք է տրամադրել, ինչպես նաև նյութական աջակցություն: Նա նաև հայտնել է, որ կան փաստեր՝ ԼՂ-ում բռնկված պատերազմին մասնակցելու համար Թուրքիայի տարածքով սիրիացի գրոհայինները տեղափոխման մասին:

Նախկին նախագահի խոսքով՝ Ֆրանսիան պատասխանատվության իր բաժինն ունի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Օլանդը նշել է՝ Ֆրանսիան և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, պետք է պարտադրեն Թուրքիային՝  դադարեցնել այդ միջամտությանը, ու նաև միջազգային պատժամիջոցներ կիրառել նրա նկատմամբ:

«Ինչպես կարող ենք թույլ տալ Թուրքիային մնալ ՆԱՏՕ-ի կազմում, մի դաշինքի, որը հիմնված է ազատության և ժողովրդավարության սկզբունքի վրա: Այսօր եկել է պատասխանատվության ժամանակը, և այն եկել է Եվրոպա, և ոչ մի շանտաժ չի կարող գործի դրվել Եվրոպայում»,- ասել է նախկին նախագահը:

--00--ԱԹ