Խոստացել էր՝ հենց աղջիկը «պապա» ասի, հետ է գալու, Արփին «պապա» ասաց, բայց Վարդանը չեկավ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   
 

կոլաժ

Կոկիկ ու կարեկցող. ամուսնուն բնութագրելիս առաջինը հենց այս բառերն է ընտրում Թամարան:
Երբևէ չէր մտածի, թե ամուսնու մասին անցյալով կխոսի, բայց հայրենիքի նկատմամբ սերն ավելի զորեղ գտնվեց, ու նա ամուսնուն ռազմաճակատ ճանապարհեց: Անառիկ Շուշիի նման էր նրա հերոսը՝ Վարդան Մնացականյանը: Հանձնվել չէր սիրում, պարզ էր ու կոկիկ բնության զմրուխտ կտորի՝ Շուշիի նման: Ճկատագիրն էլ հայոց բերդաքաղաքի պես ողբերգական էր, ընկավ՝ անսահման կարոտի ու չսպիացող վերքերի մորմոքը թողնելով բոլորի հոգիներում:

Անսահման հիացմունքով ու  հպարտությամբ է հիշում 29 ամյա հերոսի կինը: Իր Վարդանը չափազանց անկեղծ ու պարզ մարդ էր, հոգատար էր, կենսուրախ, բոլորի նկատմամբ բարությամբ ու կարեկցանքով էր լցված: Երբևէ չէր հոգնում, կոկիկ էր թե՛ տանը, թե՛ աշխատավայրում: Փոքրինչ նեղացկոտ էր, բայց ոչ հիշաչար:

«Իմ հերոսն էլ հայրենիքին ձուլվեց,- հուզմունքը կոկորդով խեխդելով՝ ասում է այրին, ամեն մի բջիջով սիրում էր իր հայրենիքը, ու հավերժ սիրահարված էր Հայաստանին: Իմ հերոսի համար պատերազմը ավարտվեց նոյեմբերի 7-ին, նա հերոսաբար կռվեց Շուշիում, ու անմահացավ: Նրա համար առաջնայինն ընկերությունն ու ընտանիքն էր»:

Վարդանը ոստիկանական զորքերում էր աշխատում ավելի քան 8 տարի: Գրեթե երկուսուկես տարվա նորապսակների տան արևն Արփին է, որի տարեդարձը՝ նոյեմբերի 6-ին, մեծ շուքով էին որոշել նշել: Ավաղ, կնոջն ու դստերը փարվելու փոխարեն նա մայր հողը գրկեց:

Մարտերի ժամանակ անգամ իրեն բնորոշ յուրահատուկ ժպիտով է կռվի դաշտ վազել: Ընկերներն են պատմել՝ անվախությունը, որ մինչև վերջին պահը չի լքել հերոսին, առաջին օրվանից են նկատել: Երգելով է հետ մղել թշնամուն, անհաշվելի թվով թշնամիներ ոչնչացրել: Անգամ վիրավոր ժամանակ պայքարել է իր և ընկերների համար:

«Ամեն բացվող օրվա հետ նայում եմ Վարդանի նկարին և հիշում եմ, թե  ինչպես էինք միասին զինվորական պարտականություններ սովորում, թե ինչպես էի ամեն օր ծառայության համար մի գծով արդուկում համազգեստը: Սկզբում ստուգում էր, քննություն էի անցնում, հետո էլ չէր ստուգում, անխոս հագնում էր: Անգամ պատերազմ գնալիս՝ հետը կոշիկները փայլեցնող միջոցներ վերցրեց: Հարցրեցի՝ դրա՞նք ինչ ես անելու: Պատասխանեց՝ Թամու′շ, հո  փոշոտ կոշիկներով տուն չեմ գալու… Թող փոշոտ կոշիկներով ու շորերով գար, միայն թե գար: Իր հեռախոսահամարին ամեն առավոտ նամակ եմ գրում՝ «բարի լույս», եթե իհարկե այն բարի է: Ես սպասում եմ իմ հերոսին:  Վերջին նամակ, որ գրեց ինձ, հետևյալն էր. «Թամս դուխդ չգցես, ձեզ շատ եմ սիրում, պաչում եմ»: Պատասխան ուղարկեցի, բայց, ցավոք, այն տեղ չհասավ»,- արցունքն աչքերին պատմում է Թամարան:

զինվոր

Հերոսը խոսատցել էր կնոջը՝ երբ  դստրիկն արտաբերի «պապա» բառը, տուն է դառնալու: Վարդանը ճակատում էր, Արփին ասաց «պապա» բառը, բայց նա չկատարեց խոստումը: Տուն գալու փոխարեն նա ընտրեց Եռաբլուրի ճամփան: Կարմիրը վարդերը, որ սիրում էր նվիել կնոջը, այժմ հերոսի շիրիմից անպակաս են:  «Ամեն րոպե երանի եմ տալիս այն պահերին, որ եղել եմ նրա կողքին: Անսահման կարտում եմ լույս ժպիտը: Ինչպես ինքը չվախեցավ պատերազմից՝ երանի ես էլ չվախենայի առանց նրա ապրելուց: Հավերժ մնաց իմ սրտում, աչքերում, ափերս սառչում են առանց նրա, իսկ աչքերս միշտ սպասում են իմ հերսին»,- ցավը սրտում՝ նշում է   հերոս Վարդանի Թամարան:

 

զինվոր

 

զինվոր

--00—ՄՀ