CCAF-ը Ֆրանսիային կոչ է անում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Thumbnail

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը կոչ է արել խզել Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները: Խորհուրդը հիշեցնում է՝ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանում տեղի ունեցող ռազմաշքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշատակել է Էնվեր փաշային՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին: Էրդողանը նաև նշել է, որ «Հայաստանի դեմ Ադրբեջանի պայքարը դեռ ավարտված չէ»:

Ադրբեջանի նախագահն իր հերթին հստակեցրել է Էրդողանի մտքերը՝ հայտարարելով, որ Բաքուն կիրականացնի ՀՀ մայրաքաղաք Երևանի, Զանգեզուրի նվաճման պլանները: 

Պանթյուրքիստական ծրագիրը գործի է դրված, և միջազգային ոչ պատշաճ արձագանքը Անկարային կդրդի այն կյանքի կոչել: Թուրքիայի էքսպանսիոնիզմը սահմաններ չունի և սպառնալիք է հայ ժողովրդի անվտանգությանը:

Էնվերի փառաբանումը խոսում է այն մասին, որ Էրդողանը մտադիր է ցեղասպանություն իրականացնել: Պատերազմի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ «ավարտին կհասցնի 1915-ին սկսված աշխատանքը ...»: Սպառնալիքը հասկանալի է և հստակ, ու միջազգային հանրության լռությունը Անկարան լավագույն դեպքում մեկնաբանելու է իբրև անզորության, վատագույն դեպքում՝ որպես քարտ-բլանշ: 

 

Հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը կոչով դիմում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ պատասխանել այդ սպառնալիքին: 

«Իբրև Ֆրանսիայի քաղաքացիներ՝ խնդրում ենք Ֆրանսիային ամենից վճռական ձևով դատապարտել թուրքական մոտեցումը՝ Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելով: Ֆրանսիան պետք է առաջատար դիրք գրավի Թուրքիայի ցեղասպան և միջազգային էքսպանսիոնիստական ձգտումների դատապարտման հարցում»,- նշում է կենտրոնը:

--00--ԱԹ