Վրաստանը կարողացավ չեզոքություն պահել ԼՂ հարցում. խաղացողների թիվը տարածաշրջանում աճել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

գախարիա
Грузия онлайн-ը, հղում անելով Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիայի հայտարարությանը, գրում է, Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների հետևանքով տարածաշրջանում խաղացողների թիվն աճել է, և երկրի շահերից է բխում տարածաշրջանում ամրապնդել ռազմավարական գործընկերների ներկայությունը: 

«Անհրաժեշտ է շատ զգույշ լինել այսօր տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին խոսելիս և այն գնահատելիս, քանի որ, ցավոք, տեղի ունեցածի վերջնական արդյունքները ոչ մեկի համար պարզ չեն»,-ասել է Գախարիան և հավելել, որ ժամանակ է հարկավոր, որպեսզի Վրաստանը դիրքավորվի այդ փոփոխությունների ֆոնին:

«Մեր հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի մեր ռազմավարական գործընկերների ներկայությունը տարածաշրջանում առավելագույնի հասցնելը»,-ասել է Գախարիան և հիշեցրել, որ Վրաստանը կարողացել է չեզոքություն պահպանել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի:

--00—ԼՄ