Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին. հայ պատգամավորի ելույթը ԵԽԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News

Տաթևիկ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը վեհաժողովի լիագումար նիստում ելույթ ունենալով՝ նշել է.

«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,

Այս զեկույցի շրջանակներում, երբ մենք խոսում ենք կանոնակարգերի և ընթացակարգերի մասին ես ցանկանում եմ մեկ հարց տալ մեզ բոլորիս. ի՞նչ անել, երբ անդամ երկիրը տարիներ շարունակ ստորադասում է մարդու հիմնարար իրավունքները: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանը օգտագործել «խավիարային դիվանագիտությունը»՝ թաքցնելու համար Ադրբեջանի բռնապետական իրականությունն ու մարդու իրավունքների խախտումները:

Մենք զեկույցներ ենք ունեցել այդ թեմայով: Բոլորս հիշում ենք Լուկա Վոլոնտեի դեպքը: Վերջինս դատապարտվեց չորս տարվա ազատազրկման ադրբեջանցի պաշտոնյաներից կաշառք վերցնելու համար: Վոլոնտեն այսբերգի գագաթն է ընդամենը, խնդիրը շատ ավելի խորն է: Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանա–թուրքական համատեղ ագրեսիան, որն ուղեկցվում էր պատերազմական հանցագործություններով ռուսական կողմի միջնորդությամբ արյունահեղությունն ավարտված է, սակայն հրադադարի հայտարարության ստորագրումից երկու ամիս անց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին: Խնդրի լրջությունը հասկանալու համար մեկ օրինակ բերեմ: ՄԻԵԴ–ը միջանկյալ միջոց է կիրառել մի խումբ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանից ներկայացնել համապատասխան տեղեկություն: Չորս օր անց ռազմագերիներից մեկը դաժանաբար սպանվում է:

Սա աննախադեպ է և մարդու իրավունքների կոնվենցիայի կոպիտ խախտում է: Որպես կին պատգամավոր՝ ես նաև ցանկանում եմ շեշտել, որ կին գերի ևս կա, ով պահվում է Ադրբեջանում: Իմ հայրենակից Մարալ Նաջարյանի միակ մեղքն այն է, որ նա հայ է և հաց էր տանում զինվորներին, որոնք պաշտպանում էին Արցախի խաղաղ բնակչությանը: Հարգելի գործընկերներ, այս քննարկումը արժեքների մասին է. ԵԽ անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը և ես ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ անել դա կանխելու համար»:

--00--ԱԹ