Շվեդիան վերահաստատել է ՀՀ-ի հետ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

Շվեդիա

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։

Նախարարը շնորհավորել է դեսպանին ՀՀ–ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան պաշտոնավարման ընթացքում։

«Մենք պատրաստակամ ենք ամրապնդել և ընդլայնել տարբեր ոլորտներում հայ-շվեդական համագործակցությունը։ Մեր գերատեսչության համակարգման ներքո գտնվող բազմապրոֆիլ ուղղությունները փոխգործակցության նոր եզրեր ու հնարավորություններ կարող են նախանշել հայ- շվեդական գործընկերային հարաբերությունների օրակարգում», – նշել է նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարի խոսքով հայ-շվեդական փոխգործակցության հաջողված փորձը հատկապես դրսևորվել է քաղաքացիական ավիացիայի, միգրացիոն ծառայության հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և անվտանգության բարձրացման ուղղությամբ փորձի փոխանակման աշխատանքներում։ Նախարարը բարձր է գնահատել նաև ՀՀ Լոռու մարզի և Շվեդիայի Ուփսալա նահանգի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն նախադեպային կլինի նաև երկու երկրների վարչատարածքային այլ միավորների համար։

Դեսպան Սվենսոնը վերահաստատել է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունը զարգացնելու շվեդական կողմի պատրաստակամությունը և վստահություն հայտնել, որ իր պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի նախարարության հետ առկա գործընկերային հարաբերությունների խորացմանը։ Կարևորելով ընթացիկ ծրագրերի շարունակականությունը՝ դեսպանը հաղորդել է, որ շվեդական կողմը հետաքրքրված է նաև տեղական ժողովրդավարության ամրապնդման և վարչատարածքային բարեփոխումների շրջանակում փորձի փոխանակմամբ։

Նախարար Պապիկյանը հայտնել է, որ համայնքների միավորման գործընթացին մեծապես մասնակցություն են ունեցել եվրոպական մի շարք գործընկեր կառույցներ։ Այդ համատեքստում նախարարը ողջունելի և հեռանկարային է համարել ՀՀ վարչատարածքային բարեփոխումներին աջակցելու շվեդական կողմի հետաքրքրվածությունը և մանրամասներ հաղորդել համայնքների միավորման՝ աշնանը սպասվող ծրագրերի մասին։

  --00—ՄՀ