Հայաստանի և Չեխիայի միջև ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 72 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 11-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Յարոսլավ Կուբերայի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ փաստել են հայ-չեխական քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական հարաբերությունների և մշակութային կապերի բարձր մակարդակը։ Մտքեր են փոխանակվելառաջիկայում ծրագրովող բարձրաստիճան փոխայցելությունների շուրջ։

Այնուհետև դեսպանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, տեղեկացրեց միջազգային դիտորդների բարձր գնահատականին արժանացած դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Սենատի նախագահը հաջողություն  է մաղթել Հայաստանի արմատական փոփոխությունների ընթացքին։

Դեսպանը վերին պալատի նորընտիր նախագահին հակիրճ ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի էությունը, նշելով, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։

Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորել են հայ-չեխական տնտեսական գործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը։ Հայ դիվանագետը գոհունակությամբ հայտնել է, որ նախորդ տարվա համեմատ 2018 թվականի 10 ամիսների ընթացքում երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 72%-ով՝ հասնելով 53.6 մլն․ ԱՄՆ դոլարի։

Նշվել է, որ առևտրի աճին են նպաստում նաև Հայաստանում ընթացող բարեփոխումները և տնտեսական հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը, որի 4-րդ նիստը շուտով տեղի կունենա Պրահայում։ Կուբերան խնդրել է մատնանշել ՀՀ տնտեսության այն ոլորտներն, ուր չեխ գործարարները կարող են ներդրումներ կատարել՝ վերջիններին հորդորելու նպատակով։