Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը վարչապետի իրավասությունների շրջանակում է. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News 

1.jpg

Ի պատասխան Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի դիմումի՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հիշեցրել են, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկության առնչությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ներկայացված հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը և ներկայացրել է իր առարկությունները:

«Վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընդունելու հիմնավորումները ստանալուց հետո Հանրապետության նախագահը հայտնել է, որ չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և Սահմանադրության 169-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության համապատասխանությունը որոշելու խնդրանքով:

Հանրապետության նախագահը հուսով է, որ ՍԴ կողմից համապատասխան որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը:

Ներկայում գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը՝ թե իրավական ընթացակարգերի, թե սահմանադրական պատասխանատվության, և թե քաղաքական հետևանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության և հայեցողության շրջանակում:

Հանրապետության նախագահի համար առաջնահերթ է երկրի անվտանգության և կայունության ապահովումը, բանակի խնդիրների լուծումը: Նախագահը կրկին անգամ կոչ է անում բոլորին՝ միասնաբար ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ստեղծված իրավիճակի արագ հանգուցալուծման հասնելու նպատակով և վերահաստատում է իր պատրաստակամությունը նախագահի ինստիտուտը ծառայեցնել որպես հարթակ՝ բանակցելու և առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով:

Հանրապետության նախագահն իր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում գործադրել և շարունակում է գործադրել բոլոր ջանքերը երկրի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,- ասված է նախագահի պատասխանում:

--00--ԱԹ