Իշխանությունը շտապում է. ինչու չսպասեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքին․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մարտի 9-ից շրջանառության մեջ է դրել «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու մասին» նախագիծը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ իշխանությունները դեռեւս չունեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը:

Փաստորեն, իշխանական խմբակցությունը հերթական անգամ չի սպասել, որ մասնագիտական հանձնաժողովից եզրակացություն գա, հեղինակավոր այդ կառույցի կարծիքը համարում են միայն խորհրդատվական բնույթի եւ որոշել են այդպիսի լուրջ փոփոխություններ կատարել՝ առանց նրանց կարծիքին սպասելու: Սակայն գաղտնիք չէ, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ է արտահայտվում արտահերթ ընտրությունների շուտ անցկացմանը Ընտրական օրենսգիրք կամ Սահմանադրություն փոխելուց հետո, եւ առաջարկում են գոնե սպասել վեց ամիս:

Եվ թերեւս սա է պատճառը, որ այս անգամ իշխանությունները որոշել են անգամ չսպասել եզրակացությանը եւ փաթեթը դնել շրջանառության մեջ ու խորհրդարանում քննարկել հարցը առանց դրա:

Սակայն նկատենք, որ առաջարկվող փոփոխություններն էական են. պետք է փոխվի ընտրակարգը, կուսակցությունների եւ դաշինքների համար անցողիկ շեմը, ընտրագրավը եւ այլն: Հավելենք, որ նախագիծը մշակվել է հենց «Իմ քայլը» խմբակցության կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ