Կիպրոսի թուրքական հատվածում պաշտոնապես դադարեցվում են Ղուրանի դասընթացները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Կիպրոս

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության սահմանադրական դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Ղուրանի դասընթացները:

Դատարանը հիմնավորել է, որ Ղուրանի դասընթացների անցկացումը հակասում է աշխարհիկության (լայիցիզմ) սկզբունքին:

Հիշյալ որոշամբ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում պաշտոնապես արգելվում են Ղուրանի դասերի կազմակերպումն ու անցկացումը:

Նշենք, որ այս որոշումն արժանացել է ինչպես Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ այդ երկրի մոլեռանդ մուսուլման հասարակության սուր և կոշտ քննադատությանը: 

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը արձագանքելով թեմային, Twitter-ում գրառմամբ է հանդես եկել: Նա նշել է, որ դատարանի վճիռը «գաղափարական և դոգմատիկ մտքի արդյունք է», ինչպես նաև «վտանգավոր խաղ Կիպրոսի թուրքերի համար»:

«Աշխարհիկությունը նման մակերեսային և սխալ ձևով մեկնաբանելը հիմնարար իրավունքներն ու ազատությունները վերացնելուն ուղղված քայլ է: Լայիցիզմը երաշխավորում է դավանանքի ազատությունը և այն չեն կարող  օգտագործվել որպես կրոնական կրթությունն արգելող գործիք»,-գրել է նա:

Ալթունը նաև պնդել է, որ կրիտիկական ժամանակաշրջանում ընդունված «այդ սխալ որոշումը սպառնում է Կիպրոսի թուրքերի գոյությանն ու միասնությանը» և հավելել, որ այն անընդունելի է իրենց համար: 

Նրա համոզմամբ՝ որոշման ժամկետը պատահական չէ ընտրված և լուրջ կասկածներ է հարուցում իրենց համար: 

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս