Քերոբյանը Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել է լոգիստիկ խնդիրների հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության դինամիկ զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունն ունի ակտիվացման և զարգացման մեծ ներուժ։ Առանձնացվել են համագործակցության հետևյալ ոլորտները՝ առևտուր, բարձր տեխնոլոգիաներ, արևային պանելների արտադրություն, զարդերի արտադրություն և գյուղատնտեսություն։

Քննարկվել է երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող առաջադեմ ընկերությունների միջև համագործակցության հեռանկարները, և նախանշվել են դրանց ամրապնդման ու ընդլայնման նպատակով համատեղ ֆորումների ու գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությունները։

Վահան Քերոբյանը բարձրացրել է երկու երկրների միջև լոգիստիկ խնդիրների առկայության հարցը, որը խոչընդոտում է առևտրատնտեսական հարաբերությունների արագ զարգացման գործընթացը։ Դեսպան Բոլատ Իմանբաևը տեղեկացրել է, որ  Հայաստանի և Ղազախստանի քաղաքական խորհրդակցությունների ընթացքում երկուստեք կարևորվել են Երևան - Նուր-Սուլթան - Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը։ Այդ համատեքստում կարելի է դիտարկել Հայաստանում մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնումը։  

Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վ․Քերոբյանը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը պայմանավորվել են՝ իրենց լիազորությունների շրջանակներում նպաստել երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությանը։ Համագործակցության ուղղությունների շուրջ քննարկումները և դրանց իրականացմանն ուղղված աշխատանքները կկրեն շարունակական բնույթ, ինչի մասին պարբերաբար կիրազեկվի հանրությանը։

--00--ԱԹ