ԱԺ նախագահը հետմահու շնորհված պարգևները հանձնել է զոհված զինծառայողների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Հասարակական

Այսօր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում՝ ԱՀ մշտական ներկայացուցչությունում, հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին, նրանց փոխանցել Արցախի նախագահի հրամանագրով հետմահու շնորհված պարգևները՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

«Նրանց արյամբ են երիզվել Արցախի Հանրապետության սահմանները, նրանց շնորհիվ այսօր ամուր կանգնած ենք մեր հողին և հանուն նրանց պետք է ապրենք ու խաղաղ պայմաններում փորձենք վերականգնել մեր հայրենիքը»,- ասել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ իր զորակցությունն ու ցավակցությունը հայտնելով զոհված զինծառայողների հարազատներին։

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, հանդիպմանը ներկա էին ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանը: