Արցախում տեղի ունեցողը կատարվում է միջազգային հանրության լուռ համաձայնությամբ. Արցախի ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
 

Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև նրան հասցրել է բնաջնջման եզրին, Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Այս մասին Արցախի ԱԺ նիստին հայտարարեց խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը։

Նրա խոսքով՝ դա կարմիր գիծ է, և ոչ ոք իրավունք չունի խախտելու:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։ Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը։ Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ», - հայտարարեց Արթուր Թովմասյանը։

Նա նշեց, թե բարձր են գնահատում ԵԽԽՎ-ի՝ «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևը, ԱՄՆ-ի Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի՝ «Խոսքից պետք է անցնել գործի» հայտարարությունը։

«Քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները՝ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանի Ադրբեջանը ոչ միայն արհամարհում, այլև ոտնահարում է ՄԻԵԴ և արդարադատության միջազգային դատարանի որոշումները», - հայտարարեց Արթուր Թովմասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ