Աշխատե՛ք, զարգացրե՛ք ձեր տաղանդն ու հմտությունները, սիրե՛ք, շա՛տ սիրեք հայրենիքը․Դումանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Դումանյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել  Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ–ից։

Ուղերձում ասված է․



Սիրելի՛ երիտասարդներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը: Երիտասարդությունը հասարակական կյանքի շարժիչ ուժն է, ապագայի նկատմամբ հավատն ու հույսը:  

Ձեր երազանքներով ու նպատակասլացությամբ է պայմանավորված պետության վաղվա օրը:

Սիրելի՛ երիտասարդներ, ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց ձեզ է վերապահված մեր հայրենիքի կայուն զարգացման, բարգավաճման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում աշխարհին պատվով ներկայանալու և պետությունն առավել ճանաչելի դարձնելու առաքելությունը: Աշխատե՛ք, զարգացրե՛ք ձեր տաղանդն ու հմտությունները, սիրե՛ք, շա՛տ սիրեք հայրենիքը, մարդկանց և աշխարհը: Երկրագունդը մեկ քայլով ևս ավելի լավը դարձնելու գործում սկսե՛ք ձեր ընտանիքից, գյուղից ու քաղաքից: Հիշե՛ք, այդ կարևոր ճանապարհին պետությունը ձեր աջակիցն է, գործընկերն ու բարեկամը, որ ամեն ինչ անելու է ձեր ներուժն ու հնարավորություներն իրացնելու հարթակները բարելավելու, նորերեը ստեղծելու նպատակով:

Ինչպես գիտենք, 2021 թ. Երիտասարդական մայրաքաղաքը Կապանն է: Առանձնակի շնորհավորում եմ նաև կապանցի երիտասարդներին: Թո՛ղ 2021-յան տիտղոսը հետագայում ևս ապահովի երիտասարդական միջավայրի աշխույժ և թիրախային կենսակերպը:

Մեր երիտասարդներին մաղթում եմ խաղաղ երկինք, ապահով հայրենիքում ապրելու և արարելու, այն ավելի բարեկեցիկ դարձնելու կամք ու հաստատակամություն:

--00—ՄՀ