Ադրբեջանը գոհ չէ պատերազի արդյունքներից, դրա համար էլ սադրանքների է գնում. Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Ադրբեջանի կողմից սադրանքները շարունակվելու են, որովհետև այդպես Բաքուն փորձում է արագացնել որոշ գործընթացներ, մասնավորապես, խաղաղության պայմանագրի այն տարբերակի կնքումը, որը իրենք են պատկերացնում։ Այս մասին 24News-ի հետ հարցազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ 

«Մենք ոչ մի տարածքային զիջում (Ադրբեջանին - խմբ.) չենք անելու, չգիտեմ, թե որ էտապում պետք է քննվի այդ խաղաղության պայմանագիրը, սակայն միգուցե նրա կետերից մեկը լինի սահմանազատման հարցը, կամ սահմանազատման հարցը պետք է ավարտվի, նոր կնքվի։ Ինչպես գիտեք, սովետական տարիներին Հայաստանի և Ադրբեջանի սահմաններն էդքան հստակեցված չէին, և հետևաբար, հաշվի առնելով այդ հանգամանքն ու պատմական այլ իրողություններ նույնպես, մենք պետք է այդ պրոցեսով գնանք», - ասել նա։ 

Անդրադառնալով Արցախում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը՝ իշխանական պատգամավորը համոզմունք է հայտնել, թե «Ադրբեջանն ու Թուրքիան գոհ չեն պատերազմի արդյունքներից, դրա համար էլ իրենք նմանատիպ քայլերով կերակրում են իրենց ժողովրդին, որ դեռ խնդիրներ ունեն լուծելու, պետք է համախմբվել և առաջ գնալ»։

Ըստ Աղազարյանի՝ ԱԳ նախարարի նշանակման հարցը պետք է «հնարավորինս շուտ լուծվի», սակայն դժվարացավ մեկնաբանել, թե ինչու է ձգձգվում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նշանակման հարցը։

«Թիմի ներսում Արարատ Միրզոյանի թեկնածությունն իբրև ԱԳ նախարար չենք քննարկել, սակայն ես անձամբ կարծում եմ, որ եթե վարչապետը կանգնի այդ թեկնածության վրա, բավական հաջող ընտրություն կլինի», - հավելել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ