Քրեական օրենսգրքի «Ծանր վիրավորանքի» հոդվածը զուրկ է իրավական կոնկրետությունից. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Խիստ մտահոգիչ են ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածը (ծանր վիրավորանքը) և դրա կիրառության պրակտիկան: Այս հոդվածի հարցով դեռ հոկտեմբերին եմ դիմել Սահմանադրական դատարան:

Այն լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով, Կառավարության պաշտոնական ներկայացուցչի ու ԱԺ-ում ելույթների՝ պրակտիկայի վրա ամեն ինչ դնող մտահոգիչ դիրքորոշումներով: 

Այս հոդվածը պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին քաղաքացիներից անթույլատրելի պաշտպանության տակ առնող հոդված է՝ այլ անընդունելի հարցերի թվում:

Հոդվածի կիրառության պրակտիկան ավելի է ամրապնդում մտահոգությունները:

Սրանով հանդերձ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է ու հիմա էլ նշում, որ ատելության խոսքը, արժանապատվության դեմ ուղղված և խոսքի ազատությանը հակադրվող ցանկացած խոսք դատապարտելի է, նման արատավոր երևույթները չպետք է տեղ ունենան մեր հասարակությունում և վերջ: 

Բայց այս զգայուն հարցերը պահանջում են այլ մոտեցումներ»:

--00--ԱԹ