Առավոտյան կարմիր բերետավորների օգնությամբ քանդել են ՀՀ գիտատեխնոլոգիական կենտրոնի պարիսպը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն ահազանգում են՝ վաղ առավոտյան՝ ժամը 07:00-ի սահմանում շենք կառուցելու թույլտվություն ստացած կառուցապատողը կարմիր բերետավորների օգնությամբ քանդել է ինստիտուտի պարիսպը:

24News-ի հետ զրույցում կենտրոնի գիտաշխատող Ռոբերտ Հակոբյանը տեղեկացրեց, որ աշխատակիցները տեղեկացված չեն եղել, որ շինարարական աշխատանքներ են սկսվելու:

«Առավոտյան 07:00-ին կարմիր բերետավորների հետ տեխնիկա, կռունկ են բերել, որ պարիսպը կոտրեն՝ ներս մտնեն, նաև վագոն- տնակ են բերել, որ ներսում դնեն: Ոչ աշխատանքային օր է, ներսում եղել է միայն պահակը, կանչել է պահակապետին և փորձել են խոչընդոտել, բայց նրանց Ոստիկանություն են բերման ենթարկել: Քիչ անց տնօրենի պաշտոնակատարը, և փոխտնօրենն են եկել, բայց իրենց էլ են տարել Ոստիկանություն:

Մենք նախապես տեղեկացված չենք եղել: Ջրավազանի տարածքը թղթերով իրենց է պատկանում, բայց տեխնիկան մտցնում են մեր տարածք և պարզ չի թե ինչ գործողություններ են կատարում, տեղյակ չենք նույնիսկ շինթույլտվություն ունե՞ն, թե՞ ոչ»,- պարզաբանեց գիտաշխատողը:

Ռոբերտ Հակոբյանի խոսքով՝ կենտրոնը աշխարհում ՀՀ-ի ներկայացուցիչն է: Այսօր էլ պետության կողմից ֆինանսավորվող տասնհինգից ավել ծրագիր է իրականացվում, մրցունակ ինստիտուտ է:

«2007 թվականի մութ գործարքի հետևանքով ջրավազանը ինստիտուտից օտարել են, որպեսզի շենք կառուցեն: Ջրավազանը 5 մասնաճյուղերի մեջտեղում է գտնվում, եթե այնտեղ շինարարություն սկսվի, ինստիտուտը չի կարողանա գործել, սարքեր կան, որ շատ զգայուն են, այդ ամենի հետ հաշվի չեն նստում: Թղթերով ներկայացնում են, որ ամեն ինչ նորմալ է, բաց իրականությունն այլ է»,- ավելացրեց Հակոբյանը: 

Նշենք, որ 2007 թվականին Ազատության 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքից օտարվել է ջրավազանն ու դարձել է մասնավոր սեփականություն: 

2020թ․հուլիսի 29-ին կենտրոնի գիտաշխատողները բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց՝  նշելով, որ հաստատության տարածքում բնակելի շենքի կառուցումը խոչընդոտելու է կենտրոնի աշխատանքին:

Մանրամասները՝ տեսանյութում։