Կոպիտ կերպով խախտվում է դատավոր Բորիս Բախշիյանի կրթության իրավունքը. փաստաբանը դիմել է ԲԴԽ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 16,  24 News

բախշիյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ նշելով, որ կոպիտ կերպով խախտվում է դատավորի կրթության իրավունքը։

Փաստաբանի դիմումում նշվում է, որ Բորիս Բախշիյանը, մինչև կալանավորվելը, որպես հատուկ դիմորդ՝ ընդունելության համար դիմել էր ՀՀ փաստաբանական դպրոց, անցել էր համապատասխան փուլերով ու 2022 թվականի փետրվարի 17-ին պետք է մասնակցեր ընդունելության բանավոր քնության փուլին։

Համաձայնություն ստանալու համար Երեմ Սարգսյանը դիմել է քրեական վարույթն իրականացնող մարմնին, սակայն վերջինս չի թույլատրել, որպեսզի դատավոր Բորիս Բախշիյանն իրացնի կրթության իր իրավունքը։

«Ակնկալում եմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ակտիվ միջամտությունը դատավոր Բորիս Բախշիյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կրթական իրավունքի իրացումն  անխոչընդոտ ապահովելու հարցում»,-նշված է փաստաբանի դիմումում։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում է  կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։

Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Դատավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. նա հայտարարել էր, որ իր նկատմամբ իրականացվող ողջ գործընթացը բացառապես միջամտություն է իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը:

Հիշեցնենք` հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։

Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:

Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել:

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը:

--00—ՄՀ