Լևոն Աղասյանը Ստամբուլում դարձել է Բալկանյան երկրների՝ մարզասրահում անցկացվող առաջնության հաղթող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

նկար

Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից, եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթող է դարձել Բալկանյան երկրների՝ մարզասրահում անցկացվող 27-րդ առաջնությունում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Աղասյանը ցույց է տվել 16.26 մ արդյունք ու դարձել ոսկե մեդալակիր։

Մրցաշարը մարտի 4-5-ն անցկացվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:

«Դեռ շատ աշխատանք կա անելու, բայց ուրախ եմ երկար դադարից հետո նվաճածս մեդալի համար»,- գրել է Լևոնը սոցցանցերի իր էջերում:

Հայաստանը ներկայացրած 8 մարզիկներից մեդալ է նվաճել նաև վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ 1500 մ մրցատարածությունը հաղթահարելով 3։46․05 ժամանակում ու գրավելով երկրորդ հորիզոնականը։

Հայաստանի հավաքականում ընդգրկված են եղել նաև Ռազմիկ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Գոռ Հարությունյանը, Գայանե Չիլոյանը, Էլլադա Ալավերդյանը և Յանա Սարգսյանը: Վերջինս 7-րդ տեղն է գրավել հեռացատկում և եռացատկում։

Լևոն Աղասյանը մարտի 18-22-ն էլ Սերբիայում մասնակցելու է մարզասրահների աշխարհի առաջնությանը:

Ինչ վերաբերում է աթլետիկայի Հայաստանի հավաքականին, ապա հունիսի 11-ին մեր ընտրանին Մալթայում ուժերը կչափի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում, իսկ մայիսին և օգոստոսին՝ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:

--00—ԼՄ