Խաղաղապահներն արագ ժամանել են Խրամորթ՝ տեղեկանալով ադրբեջանական կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

հասարակական

Ադրբեջանական կողմի երեկվա կրակոցներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղամեջ չեն հասել, բնակիչները չեն տուժել, նրանց գույքը չի վնասվել։ Այս մասին 24News-ին ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Երեկ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։ 

Գյուղապետն ասաց, որ այժմ իրավիճակը հանգիստ է, միջադեպը երեկոյան 18։25-ի սահմաններում է եղել, տևել է ընդամենը 2-3 րոպե։ «Բան չկա, ժողովուրդն իր առօրյա կյանքով ապրում է, մարդիկ հողն են մշակում, երեխաները դասի են գնում։ Մեկն անասնապահությամբ է զբաղվում, մեկն՝ այգեգործությամբ։ Խաղաղապահներն արագ արձագանքել են, եկել են։ Միշտ էլ ահազանգերին արձագանքում են։ Մնացածը գաղտնիք է, ոչինչ չեմ կարող ասել», -  եզրափակեց Զորիկ Աբրահամյանը։

--00--ԿԿ