Խրամորթի ուղղությամբ հրետակոծության ընթացքում կանայք և երեխաները տեղափոխվել են կողքի գյուղեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

հասարակական

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ականանետներով ռմբակոծության ընթացքում բնակչության տարհանում տեղի չի ունեցել, ուղղակի տղամարդիկ իրենց կանանց, երեխաներին տեղափոխել են կողքի գյուղ կամ Խրամորթի այլ հատված, շատերը հենց Ասկերանի շրջանի գյուղերում են։ Այս մասին 24News-ին ասաց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Հակոբյանն ասաց, որ տեղափոխությունը պատճառաբանվում է նրանով, որ երեխանները հրետակոծությունների ձայներին չեն դիմանում, տեղափոխում են, որ երեխաները հետո առողջական խնդիրներ չունենան։ 

«Իսկ տղամարդիկ բոլորը գյուղում են՝ պաշտպանության բանակի զինվորների, ռուս խաղաղապահների հետ։ Հարկ եղած դեպքում գյուղի պաշտպանությանը մասնակցելու են, եթե, Աստված մի արասցե, դրա կարիքը լինի։ Ռմբակոծությունը եղել է ողջ գիշեր, շարունակվել է նաև ողջ առավոտյան։ Ադրբեջանցիները չեն թիրախավորում կոնկրետ տները, բայց թիրախավորում են դաշտերը, այսինքն՝ այն հատվածները որտեղ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացվել։ Ադրբեջանցիներն արդեն իսկ մեծ վնաս են հասցրել, նաեւ գերեզմաններն են թիրախավորում։ Փորձում են զրկել ապրելու հնարավորությունից», - հավելեց Հակոբյանը։

Պատգամավորի խոսքերով՝ սա Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի լուրջ խախտում է։ «Մենք սովոր ենք, որ աշխարհը բացարձակ որևէ արձագանք չի տալու, իր համար միևնույն է 44-օրյա պատերազմի պես։ Միակ հուսադրող բանն այն է, որ ռուս խաղաղապահը կանգնած է մեր զինվորի և բնակչության կողքին։ Մենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից որեւէ արձագանք ո՛չ տեսնում ենք, ո՛չ լսում ենք։ Սա է ընդհանուր իրավիճակը, գումարած այն, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսել։ Չգիտես՝ ինչպես բնութագրել, բայց միջազգային հարթակներում պետք է խոսել, ցույց տալ, որ այսօր Ադրբեջանը բացահայտ տեռորի է ենթարկում այն տարածքում, որտեղ ապրելու մեր իրավունքը վաստակել ենք», - եզրափակեց արցախցի պատգամավորը։

Հիշեցնենք՝ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, որ երեկ՝ օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ պարբերաբար խախտել է հրադադարը։ «Մասնավորապես՝ մարտի 9-ին՝ ժամը 14։00-14։30-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 ական, իսկ ժամը 15։50-ից մարտի 10-ի ժամը 05։40-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր 23 ական»։

Արցախի ՆԳՆ ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որ ժամը 10:35-ին, ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել հակառակորդի արձակած ականանետի կրակոցից։ «Ականը պայթել է տան բակում: Բաղդասարյանը շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում»։

--00--ԿԿ