Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը պիտի նշանակի Արցախն ուրանալ․ պոլսահայ լրագրող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

քաղաքական

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների շրջանակում Ադրբեջանի ներկայացրած 5 կետանոց առաջարկը կարող է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին 24News-ին ասաց պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

5 կետանոց առաջարկը, ի թիվս այլնի, ենթադրում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։ «Հավանական է, որ խոչընդոտող հատկություններ ունենա, որովհետև Չավուշօղլուն էլ օրակարգ բերեց Ադրբեջանի առաջարկն ու խորհուրդ տվեց, որ Հայաստանը համաձայնի Ադրբեջանի հետ, այսինքն՝ հաշտության պայմանագիր կնքեն։ Հիմա Հայաստանի համար գլխավոր խնդիրը Արցախի կարգավիճակն է։ Պետք է Արցախի կարգավիճակը հստակեցվի։ Մինչդեռ Ադրբեջանը դա բնավ օրակարգի չի բերում, պահանջում է, որ իր տարածքային ամբողջականությունը ճանաչվի Հայաստանի կողմից։ Ճանաչել պիտի նշանակի Արցախն ուրանալ կամ Արցախի ինքնիշխանությունը ուրանալ, մերժել։ Մի բան, որը Հայաստանի համար դժվար է, նույնիսկ անընդունելի»։ 

Ըստ նրա՝ Հայաստանը ստիպված է Արցախի կարգավիճակի մասին բանակցություններ վարել։ «Առարկելու շատ միտք չունենք այդ 5 պայմանների մեջ, միակը կմնա Արցախի կարգավիճակի ստուգումը։ Մի բան, որն Ադրբեջանը երբեք օրակարգ չի բերել»։

Մարտի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին ու ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը (եռանախագահող երկրներ՝ Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիայի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։ 

«Ակոս»-ի խմբագիրն ասաց, որ Հայաստանն Արցախի հարցը օրակարգ բերելու ակնկալությունով է դիմում Մինսկի խմբին։ «Բայց Մինսկի խումբն անցնող 30 տարիների ընթացքում հստակ արդյունքների հասնող որևէ հատկություն չունեցավ։ Նրանք [եռանախագահները] շատ թույլ մնացին, Ալիևը այս մասին իր դժգոհության և բողոքի մեջ իրավացի է։ Այսօր արդեն Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խումբն անպետք է համարում՝ «Խնդիրը լուծվեց, մենք զենքով լուծեցինք խնդիրը», դա էլ մյուս խոչընդոտն է հետևաբար», - եզրափակեց պոլսահայ լրագրողը։

--00--ԿԿ