Մահացել է Ստամբուլի հայ համայնքի ականավոր գործիչ Պերճ Քաջը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

մահ

Թուրքիայում մահացել է ստամբուլահայ համայնքի ականավոր գործիչ, համայնքի հարսանիքների, մկրտությունների և թաղման արաղությունների գլխավոր կազմակերպիչներից Պերճ Քաջը: Այս մասին սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացրել է գործչի դուստր Թամար Քաջ Էրդավիթյանը, գրում է «Ակոս» պարբերականը:

«Իմ հայր Պերճ Քաջը Ստամբուլի բեյէֆենդիներից (մեծ պարոն) էր: Անցյալ գիշեր նա քնի մեջ մահացել է: Թող Աստված նրա հոգին դրախտի անմար լույսի ներքո պահի: Թաղման արարողությունը տեղի կունենա չորեքշաբթի` դեկտեմբերի 30-ին` Գումգափուի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Նա կթաղվի Բալըքլըի ընտանեկան գերեզմանատանը»,-տեղեկացրել է գործչի դուստրը:

Պերճ Քաջը ծնվել էր 1943 թվականին`Ստամբուլում: 1960 թվականից զբաղվում էր հարսանիքների, մկրտությունների և թաղման արարողությունների կազմակերպմամբ: Նա նաև հոգևոր ծառայությունէր մատուցում, ուներ սարկավագի աստիճան, Ստամբուլի հայ համայնքի ականավոր գործիչներից էր:

--00--ԱԹ