Եվրոպան դերակատարություն չունի, վճիռ կայացնողը Ռուսաստանն է․ Էստուկյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

քաղաքական

Հրատապ խնդիրներ եղան անցնող 10 օրերի ընթացքում, Եվրոպան Մինսկի խմբի գործընթացներից դուրս մնաց, ըստ երևույթին, նույնպես ուզում է գործընթացի մեջ լինել, բայց պատկերացումներ չունեմ, թե ինչ հեռանկարներ կարող են լինել։ Այս մասին 24News-ին ասաց պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ իր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև եռակողմ հանդիպում տեղի կունենա։ Բրյուսելում քննարկվելու է հայ-արդբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

Արդյո՞ք Եվրոպան փորձում է Ռուսաստանին ցույց տալ, որ դերակատար է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, Բրյուսելում կայանալիք բանակցություններում Հայաստանը կարո՞ղ է Արցախի հարցը բարձրացնել, պաշտպանել Արցախի հարցը Մինսկի խմբի եռանախագահության [Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիայի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ] ձևաչափում քննարկելու գաղափարը։ «Ակոս»-ի խմբագիր Բագրատ Էստուկյանը հավանական չի համարում եվրոպական դերակատարությունը։ 

«Ես բնավ հավանական չեմ տեսնում, որովհետև մենք արդեն պատերազմի ընթացքում տեսանք, թե Եվրոպան ուր մնաց։ Եվրոպան այլևս դերակատրություն չունի Արցախյան խնդրի կարգավորման գործընթացի մեջ։ Այդտեղ որոշում կայացնողը, վճիռ կայացնողը միանշանակ Ռուսաստանն է։ Ռուսաստանն է, որ նույն եղանակով կարող է խոսել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, հետևաբար Եվրոպան ամբողջովին գործընթացից դուրս է մնացել։ Այս էլ պատերազմի օրերին իրենց [եվրոպացիների] որդեգրած դիրքորոշման հետևանքն է», - եզրափակեց պոլսահայ լրագրողը։