Կռիվ՝ Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում․ անծանոթները ծեծել էին ու փախել, հետո՝ բռնվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Ապրիլի 8-ի գիշերը Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում վեճ ու կռիվ էր եղել: Ծեծկռտուքի մասնակիցներից երկուսը, մարմնի տարբեր հատվածներում ծակած-պատռված վերքերով, հիվանդանոց էին տեղափոխվել: Ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարվածի մասին տեղեկացան 1-ին համալսարանական հիվանդանոցից՝ ժամը 14-ի սահմաններում:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ախտորոշումն արձանագրելուց հետո զրուցեցին տուժողների հետ: Անծանոթ անձանց հետ էին վիճել: Պատկերացում չունեին՝ ովքեր էին և որտեղ կարելի էր փնտրել նրանց: Իրավապահները զրուցեցին նաև բժիշկների հետ:
Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքն ուշ գիշերով էր եղել: Հեշտ չէր ականատես վկաներ գտնել: Եվ, այդուհանդերձ, դեպքից մեկ օր անց քրեական հետախույզներին հաջողվեց բացահայտել հանցագործությունը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզեցին, որ արարքը կատարել են 22 և 26 տարեկան երկու երիտասարդ, որոնցից մեկը Երևանի Չկալովի փողոցի բնակիչ էր, մյուսը՝ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի:

Ապրիլի 9-ի առավոտյան բյուրականցին Դավիթաշենի 3-րդ թաղամասում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց: Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը բաժին ներկայացավ նաև նրա 26-ամյա ընկերը: Երիտասարդները տվել են խոստովանական բացատրություն:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00—ԼՄ