«Յուրաքանչյուրն անելիք ունի, ասելիքները գալիս և գնում են, բայց անելիքները մնում են»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

.

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հոգևոր պետերին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մեր եկեղեցին բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ ծրագրեր ունի, հսկայական անելիք, և այդ անելիքները շատ են թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, և թե՛ Արցախում»:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել քննարկել, թե ինչով կարող է որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որպես հայ հավատացյալ, աջակցել ու օժանդակել Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում ասել է.«Պարոն նախագահ, ուրախ եմ, որ այսօր Արամ Ա Վեհափառի հետ այցելեցինք Ձեր օջախ: Արամ կաթողիկոսը եռօրյա այցով Հայաստանում է, և այս օրերին միասնաբար եկեղեցուն հուզող բազում հարցեր, խնդիրներ ու ծրագրեր քննարկեցինք:

Մենք հստակ, վճռական կերպով հաստատեցինք, որ պետք է շարունակենք պատմական առաքելությունը մեր եկեղեցու, մեր ժողովրդի կյանքում՝ զորավիգ լինելով մեր հայրենի պետությանը, նպաստելով, որ մեր երկիրը շարունակի ապահով, անվտանգ առաջընթացի մեջ իր բարօր կյանքը: Այս իմաստով, անշուշտ, աշխարհասփյուռ եկեղեցու մեր հանգամանքը պետք է կարողանանք օգտագործել՝ մեր ժողովրդին համախմբելու հայրենիքի շուրջը: Հայրենիքն այն հիմնական արժեքն է, որի համար մեր ժողովուրդը դարերի ընթացքում հանձն է առել գնալ նահատակության:

Հայոց պետությունը, հայոց պետականությունը մեր պատմության մեծագույն ձեռքբերումն են, և մենք այսօր պատասխանատվություն ունենք՝ այդ պետականությունն ամուր, անվտանգ պահելու և այդ պետականության համար մեր ժողովրդի բոլոր կարողություններն ու հնարավորությունները համադրելու, որպեսզի անվտանգ կարողանա մեր երկիրն առաջ գնալ, շենանալ, զորանալ և ապահովել մեր ժողովրդի բարօր կյանքը:

Բոլոր առիթներով մենք բարձրաձայնում ենք, որ մեր եկեղեցու հոգեփրկչական առաքելության հետ միասին նույնքան կարևորությամբ մեր եկեղեցին իրականացնում է հայապահպանության, ազգապահպանության և պետականաշինման առաքելությունը: Պետության ամրացումը, հզորացումը, բարգավաճումը, պայծառացումը մեր եկեղեցու գերագույն առաքելություններից է:

Աստված թող օրհնի Ձեզ, քաջառողջություն ենք մաղթում , արգասաբեր գործունեություն մեր երկրի ու ժողովրդի բարօրության և առաջընթացի համար»: