Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտում է Եռակողմ հայտարարության դրույթները․ ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Թագուհի Թովմասյան Փաշինյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է.

«Ադրբեջանի հանցավոր վարչակազմը հերթական անօրինական որոշմամբ 2022թ․ հունվարից արգելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի շրջաններում անհայտ կորած հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների որոնողական աշխատանքները՝ փորձելով հոգեկան տառապանքներ պատճառել համայն հայությանը։

2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ամրագրված է առաջնային կարևորություն ունեցող հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, այդ թվում՝ «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակումը»: Սակայն Ադրբեջանը հերթական անգամ միակողմանիորեն ոտնահարում է միջպետական պայմանավորվածությունները՝ միաժամանակ հարվածելով նաև միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերին, որոնք ամրագրված են «Պատերազմի զոհերի պաշտպանության մասին» Ժնևի 1949թ. չորս կոնվենցիաներում և «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից՝ Ժնևի՝ 1977 թվականի լրացուցիչ արձանագրությամբ, երկու լրացուցիչ արձանագրություններով, որոնք զինված հակամարտության ժամանակ մարդու պաշտպանությանն ուղղված կանոնների համակարգ են։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան անդամ պետությունների միջև ստեղծում է փոխադարձ նախաձեռնությունների և օբյեկտիվ պարտավորությունների համակցություն, և գործում է փոխադարձության սկզբունքը: Ակնհայտ է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների կատարման հրամայականը, ուստի հերթական դիմումներս եմ ուղղում միջազգային գործընկերներիս՝ դատապարտելու Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը և ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ՝ ի պաշտպանություն անհայտ կորած հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց, նրանց ընտանիքների հիմնարար իրավունքների։

Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը օբյեկտիվ հարց է առաջացնում․ եթե Ադրբեջանը չի կատարում նույնիսկ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները, ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչում Ի․Ալիևի պահանջները։ Ադրբեջանի կողմից այս հումանիտար պահանջների չկատարումն իրականում ընդդիմանալու և պահանջատիրոջ դիրքերից հանդես գալու հնարավորություն է ընձեռում՝ ի պաշտպանություն հումանիտար իրավունքի։ Սակայն Նիկոլ Փաշինյանը անհասկանալի դրդապատճառներով չի անում»։

--00--ԱՀ