ԵՄ առաքելության տեղակայմամբ Ադրբեջանը ՌԴ-ին մեսիջ է հղում, որ ՀՀ-ն է Արևմուտքին սահման բերողը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

․

Եվրոպական միությունը փորձում է քաղաքացիական առաքելությամբ որոշակի անվտանգային երաշխիքներ ստեղծել՝ հաշվի առնելով Արևմուտքի միջնորդական ջանքերը և քայլերը ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին 24News-ին ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Աննա Կարապետյանը։

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը երեկ Եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հայտարարել էր, որ այսօր ԵՄ անդամ երկրների դեսպանները Բրյուսելում կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին՝ «վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար»։  

«Առաքելություն ուղարկելու մասին որոշումը դեռ պետք է ընդունվի անդամ երկրների կողմից Քաղաքական ու անվտանգային հանձնաժողովում։ Միության անդամ երկրների, ինչպես նաև ԵԽ-ի լիակատար աջակցությունը չափազանց կարևոր են Եվրամիության խաղաղասիրական ջանքերն իրագործելու համար», - ասել էր Կլաարը։

Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էին Պրահայում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը, ի թիվս այլնի, իր համաձայնությունն էր հայտնել՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: «Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առընչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը», - նշված էր հաղորդագրության մեջ:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանի խոսքերով, բնականաբար, ԵՄ-ն մոտ ապագայում չի կարողանա ռազմական ներկայություն ապահովել հարավկովկասյան տարածաշրջանում, ուստի քաղաքացիական առաքելությամբ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Արևմուտքը անվտանգության ապահովման հարցում կարող է որոշակի դերակատարում ունենալ և դրանով դրդել կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Ադրբեջանական զինուժը շարունակում է կրակել հայաստանյան մարտական դիրքերի ուղղությամբ․ արդյոք քաղաքացիական առաքելությունն օգուտ կտա՞ հրդադարի պահպանման հարցում։ Կարապետյանն ասաց, որ դժվար է հիմա առաքելության օգուտների մասին խոսել՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը դեռ դուրս չի բերել իր զորքերը Հայաստանի տարածքից։ «Առավելևս այն պարագայում, երբ Արևմուտքի կողմից բազմիցս բարձր մակարդակով հնչել են և շարունակում են հնչել զորքերը դուրս բերելու պահանջները։ Սրանով Արևմուտքը նաև այլ խնդիր է լուծում։ Հաշվի առնելով փաստացի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը՝ թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ Ռուսաստանին ուղղված քննադատությունը և այլն, Արևմուտքը նաև ցանկանում է ցույց տալ, որ իբրև թե կարող է որոշակի այլընտրանք առաջարկել անվտանգային հարցում կամ դերակատարում ունենալ անվտանգության ապահովման կամ երաշխավորման հարցերում», - ընդգծեց վերլուծաբանը։   

Ըստ նրա՝ պարզ է, որ քաղաքացիական առաքելությունն անվտանգային երաշխիքներ չի ստեղծում, այն ավելի շատ աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ է։ 

«Եվ այս կոնտեքստում պատահական չէ, որ Պրահայում քննարկումներից հետո հայտարարվեց, որ Հայաստանն է աջակցելու առաքելության տեղակայմանը, իսկ Ադրբեջանը, որքանով որ առընչվի իրեն, այդքանով է համագործակցելու առաքելության հետ։ Այսինքն՝ դրանով որոշակի մեսիջներ էր հղում Ռուսաստանին, որ տվյալ պարագայում Հայաստանն է Արևմուտքին սահման բերողը, ի դեմս Արևմուտքի՝ անվտանգային երաշխիքներ փնտրողը, իսկ ինքը դրանում շահագրգռված չէ և մասնակցում է «այնքանով, որքանով»», - եզրափակեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետը։

--00--ՀԱ