ՔՊ-ականը առաջարկում է պայթուցիկ նյութերի ներկրումն դարձնել լիցենզավորման գործունեության տեսակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Սիսակ Գաբրիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), ինչպես նաև հրագործական, արտադրատեսակների, ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, արտադրությունը, պահեստավորումը, առևտուրը և կիրառումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է շրջանառության մեջ դրված նախագծերից: Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական տուրքի մասին»  և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում:

Նախագծի հեղինակման համար պատճառ է դարձել  օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունը: Նշվում է, որ ողբերգական դեպքից հետո անհրաժեշտություն է առաջացել պայթուցիկ նյութերին վերաբերող լիցենզավորման ենթակա գործընթացներին զուգահեռ նաև դրանց ներկրումը, պահեստավորումը և կիրառումը (շահագործումը) լիցենզավորման տեսանկյունից  կանոնակարգել:Ներկայումս հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը և առևտուրն իրականացվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման պարզ ընթացակարգով, սակայն հաշվի առնելով, որ այդ գործառույթներն իրենց մեջ պարունակում են անվտանգության, առողջապահական և այլ բաղադրիչներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել գործընթացը բերել լիցենզավորման դաշտ: Սա, ըստ նախագծի հեղինակի, հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկել:

Առաջարկվում է նաև հրագործական արտադրատեսակների արտադրությունը, վտանգավորության աստիճանով պայմանավորված դարձնել որպես փորձաքննության ենթակա լիցենզավորման գործունեության տեսակ այն մոտեցմամբ, ինչը նախատեսված է պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության պարագայում: Նշվում է, որ նախագիծը մշակվել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ:

--00--ԱՀ