Շրջափակված Եղցահողը ո՛չ սննդի կարիք ունի, ո՛չ դեղորայքի. անհրաժեշտը Գորիսից բերվում է. գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Արցախի Եղցահող գյուղում սննդամթերքի, պարենի, դեղորայքի խնդիր չկա, կարողանում ենք բնակչությանն ամեն ինչով ապահովել։ Այս մասին 24News-ին ասաց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախից կտրված Շուշի շրջանի Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

«Մեզ մոտ ընդհանրապես պակասություն չկա։ Բերդաձորի ենթաշրջանի բոլոր գյուղերն էլ կապ ունեն Գորիսի հետ, սննդի խնդիր ընդհանրապես չկա։ Հայաստանի հետ կապը կա, տրամադրում ենք մեքենաներ, որոշներն իրենց մեքենաներով ամեն անհրաժեշտը բերում են։ Ընդհանուր ելումուտն ազատ է», - ասաց Արտակ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10։30-ից, «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին (Լաչինի միջանցք) Շուշի–Քարին տակ հատվածում։ Ադրբեջանցիներն այդ օրվանից վրաններ են խփել ու գիշերում են տեղում՝ շարունակելով հավաքը։ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախի հիմնական հատվածից կտրվել են Շուշիի շրջանի՝ արցախյան վերահսկողության ներքո գտնվող Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերը։ 

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ