Լաչինի միջանցքով Երևան տեղափոխված, սրտի խնդիր ունեցող արցախցու վիճակը կայուն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնից դեկտեմբերի 19–ին Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխած հիվանդի վիճակը կայուն է։ Այս մասին 24News-ին ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը։

Քաղաքացին հոսպիտալացվել է «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոն, Երևան էր տեղափոխվել Կարմիր Խաչի ուղեկցությամբ։ 62–ամյա տղամարդը սրտի հրատապ վիրահատության կարիք ուներ։ «Նորք Մարաշ» ԲԿ-ի աշխատակիցը 24News-ին ասաց, որ բուժառուի վիճակի վերաբերյալ կենտրոնը հայտարարություն կտարածի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել, որ Կարմիր Խաչի միջնորդությամբ սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն:

«Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները», - նշված էր հայտարարության մեջ: Տղամարդու տեղափոխումն իրականացվել է կողմերի համաձայնությամբ, այդ թվում՝ ադրբեջանական։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ