Շրջափակված Մեծ Շենից դեպի Գորիս ճամփան բաց է․ ռուսների աջակցությամբ հարցերը կարգավորվում են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Շ

Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում հնարավոր լինում է խնդիրները լուծել Գորիսի հետ կապի միջոցով, առայժմ կարգին է ամեն ինչ։ Այս մասին 24News-ին ասաց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին։

«Գորիսից ճանապարհը բաց է, կարողանում ենք ռուսների հետ պայմանավորվել, բերել ամեն ինչ», - ասաց Դավթյանը։ Գյուղապետն ասաց, որ դեղորայքի խնդիր չունեն, գյուղում բուժքույր կա։

«Եթե խնդիր լինի, մարդկանց կտեղափոխենք Գորիսի հիվանդանոց», - ասաց Մեծ շենի ղեկավարը։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10։30-ից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին (Լաչինի միջանցք) Շուշի – Քարին տակ հատվածում։ Ադրբեջանցիներն այդ օրվանից վրաններ են խփել ու գիշերում են տեղում՝ շարունակելով հավաքը։ Լաչինի միջանցքը փակվելու հետևանքով երկկողմանի շրջափակման մեջ են հայտնվել Շուշիի շրջանի՝ արցախյան վերահսկողության ներքո գտնվող Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ բանակցություններ են ընթացնում միջանցքը բացելու հարցով։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ