Հայաստանից Բելառուս և Ռուսաստան արտահանումը 10 ամսում աճել է համապատասխանաբար 2,8 և 2,5 անգամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1100542

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների փոխադարձ առևտրի ծավալն աճել է՝ նոր հնարավորություններ ստեղծելով ԵԱՏՄ որոշ տնտեսությունների համար: Աճել է նաև Հայաստանից Բելառուս և Ռուսաստան արտահանման ծավալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) իր Telegram-ալիքում՝ վկայակոչելով Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տվյալները:

Ըստ ԵԱԶԲ-ի տվյալների՝ արտադրական-լոգիստիկ շղթաներում փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծել ԵԱՏՄ որոշ տնտեսությունների համար։

«Այսպես, Հայաստանից Բելառուս և Ռուսաստան արտահանումը 2022 թվականի 10 ամիսների արդյունքներով աճել է 2,8 և 2,5 անգամ, Ղրղզստանից այդ երկրներ արտահանումն ավելացել Է համապատասխանաբար 2 և 2,6 անգամ», - նշվում է հաղորդագրության մեջ։

ԵԱԶԲ-ն նաև նշել է, որ Ղազախստանից արտահանումը  յուրաքանչյուր երկիր ավելացել է 1,2 անգամ։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալը 2022 թվականի 10 ամիսների ընթացքում աճել է 12,8 %-ով և կազմել շուրջ 67 մլրդ դոլար: Ընդ որում, բանկի վերլուծաբանները ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտրի ծավալը 2022 թվականի արդյունքներով կանխատեսում են 80-83 մլրդ դոլարի չափով (աճը՝ մոտ 12%):

--00—ՅՄ