Փաշինյանն անհաջող փորձ արեց արդարացնելու ԵՄ-ականների՝ ՀՀ տարածքում գտնվելը․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Փաշինյանն անհաջող փորձ արեց արդարացնելու ԵՄ-ականների՝ ՀՀ տարածքում գտնվելը։ Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ առաքելության մասին հայտարարության վերաբերյալ հարցին։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մինչև ԵՄ դիտորդների՝ Հայաստան ժամանելու որոշումը, Ադրբեջանը մշտապես արևմտյան հարթակներում Հայաստանի դեմ իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր այն հանգամանքով, թե Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանին ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է տեղակայում, քանի որ պատրաստվում է Ռուսաստանի հետ համատեղ ագրեսիվ գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ, ինչին էլ հաջորդել է Փաշինյանի առաջարկը։

«Ռուս խաղաղապահներն ապահովում են ղարաբաղի ժողովրդի խաղաղությունը, մեր սահմանապահներն աշխատում են Հայաստանում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Միաժամանակ գիտենք Ադրբեջանի քննադատական վերաբերմունքը ԵՄ-ին՝ իրականացնելու իրենց քաղաքացիական առաքելությունը Հայաստանի սահմանին»,-նշեց Զախարովան։

Նրա խոսքով՝ Բրյուսելը որոշել է փոխել անվտանգային համակարգը, որը կայացել է տարածաշրջանում։

«Մենք բաց ենք հայ գործընկերների հետ քննարկելու Կովկասում կայունության պահպանման հարցը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում»,-նշեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

 

--00—ԶՀ